«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Թուրքիան պաշտոնապես մտնում է ղարաբաղյան հակամարտության գոտի

Թուրքիան պաշտոնապես մտնում է ղարաբաղյան հակամարտության գոտի
11.11.2020 | 21:08

Թուրքիան և Ռուսաստանն այսօր ստորագրել են Ղարաբաղում հրադադարի վերահսկման և մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փոխըմբռնման հուշագիրը՝ Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` խորհրդարանում հանդիպելով իր կուսակցության խմբակցության պատգամավորների հետ «Թուրքիան Ղարաբաղում կմիանա խաղաղապահ ուժերին` հետևելու Ռուսաստանի հետ համաձայնության իրականացմանը»,- ասել է նա։


Խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցության հարցը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանը փաստորեն Թուրքիային մտցնում է ղարաբաղյան հակամարտության գոտի` ասելով, թե նրանք խաղաղապահ գործողություններին ուղղակի չեն մասնակցելու, այլ միայն կրակի դադարեցման մոնիթորինգ են իրականացնելու ռուսների հետ միասին։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե «Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ խաղաղապահ առաքելության տեղակայման մասին երբեք խոսք չի եղել։ Համագործակցության դաշտը լինելու է Ադրբեջանի տարածքում, այլ ոչ թե Ղարաբաղում, և խոսքը մոնիտորինգի կենտրոնի մասին է», - նշել է նա։


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր ներկայացրել է խաղաղապահների տեղակայման քարտեզը։ Խաղաղապահները երկու գոտի են ստեղծել` հյուսիսային և հարավային, ընդհանուր առմամբ 16 դիտակետ է ստեղծվելու, ժամանակավոր 6 դիտակետ` Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի գոտում։ Ստեփանակերտում և Մարտակերտում տեղակայվելու են մոտոհրաձգային գումարտակներ, խաղաղապահ առաքելության ընդհանուր հրամանատարությունը գտնվելու է Ստեփանակերտում։ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուս խաղաղապահների գործառույթները, այդ թվում` մշակութային հուշարձանների և եկեղեցիների պահպանման առումով դեռ պետք է ճշգրտվեն, քանի որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությունում խաղաղապահների գործառույթները կոնկրետացված չեն։ Ռուս -թուրքական համատեղ կենտրոնի մասին ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ևս որոշ պարզաբանումներ է տվել` ասելով, թե այդ կենտրոնը խաղաղապահ առաքելության հետ կապ չունի։ «Այստեղ պետք է հստակ լինի, որ խոսքը հայտարարությունում նշված խաղաղարար ջանքերի մասին չէ, այլ բոլորովին այլ առաքելություն է, համատեղ ջանքերի այլ մաս է, պետք է դրանք տարբերել, դրանք տարբեր բաներ են»,- ասել է Զախարովան։


ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ԱԳՆ-ում իր աղբյուրները, հաղորդում է, որ Թուրքիայի մասնակցությունը սահմանափակվելու է կրակի դադարեցումը վերահսկող ռուս-թուրքական կենտրոնով, որը ձևավորվելու է Ադրբեջանի տարածքում` Ղարաբաղին ոչ հարակից շրջանում։ Ենթադրվում է, որ այդ կենտրոնից ռուս և թուրք զինվորականները հետևելու են հրադադարի ռեժիմի պահպանմանը` օգտագործելով տեխնիկական միջոցներ։ Այդ կենտրոնի գործունեության մանրամասների մշակմամբ զբաղվում են ռազմական գերատեսչությունները։
Նախօրեին հեռախոսազրույցներ են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, ՊՆ նախարարները։


Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինը Էրդողանին ներկայացրել է Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հետ ձեռք բերված համաձայնությունները, որոնք ամրագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Ռեջեփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք «լավ հիմք են ստեղծում ղարաբաղյան հակամարտության երկարատև և համապարփակ կարգավորման համար»։ Նրանք ընդգծել են կրակն ամբողջովին դադարեցնելու պայմանավորվածության կարևորությունը, որը թույլ տվեց դադարեցնել մարտական գործողությունները, և պայմանավորվել են հետագայում սերտ համագործակցել հայտարարությունում նախատեսված դրույթների իրականացման համատեքստում։ Թուրքիայի նախագահի գրասենյակը երեկվա հեռախոսազրույցի մասին հաղորդում է նաև այլ մանրամասներ։ Էրդողանը կարևոր է համարել Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիների վերադարձը, Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող միջանցքի ստեղծումը, հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական առաքելությունը։


Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի նույն օրը` հոկտեմբերի 10-ի երեկոյան հաղորդվեց, որ հեռախոսազրույց են ունեցել նաև Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը։ Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, մտքեր են փոխանակվել Սիրիայում իրավիճակի կայունության շուրջ, հաղոդում է ՌԴ ՊՆ-ն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի թաքցնում, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս տարբերակի հեղինակը Անկարան ու Մոսկվան են` առաջարկելով նույն մեխանիզմները կիրառել Սիրիայում։ «Լեռնային Ղարաբաղի իրավիճակը ցույց է տալիս տարածաշրջանային հակամարտությունների և ճգնաժամերի կարգավորման գործում Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության անհրաժեշտությունը», - ասել է Էրդողանը` նշելով, որ նման համագործակցության ոգին, նմանատիպ մեխանիզմների կիրառումը կարող են օգտագործել նաև Սիրայում։

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ